Վաղը ֆուտբոլային աշխարհի խոշորագույն տոներից է` բեռլինյան «Ալյանս արենայում» կայանալու է Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս»-«Բարսելոն» եզրափակիչ դիմակայությունը: Երկու լեգենդար թիմերն էլ, բնականաբար, ունեն իրենց հավատավոր երկրպագուները, ովքեր անվերապահորեն հավատում են իրենց երկրպագած թիմի հաղթանակին: Սա միանգամայն բնական է, սակայն, այս բնականից զատ, գոյություն ունեն էլի բաներ, որոնց հետ հաշվի չնստել չես կարող:
Ընդունես, թե ոչ, հանդիպման ֆավորիտը «Բարսելոնն» է, որին էլ նախապատվություն են տալիս աշխարհում գոյություն ունեցող ամեն տեսակի բուքմեյքերական գրասենյակները, հեղինակավոր մասնագետները, ֆուտբոլային գիտակները, «ճշտի» զգացումը վերջնականապես չկորցրածները: Միակ վերապահումը, որ արվում է, հանդիպման ելքը մեկ խաղի շրջանակներում վճռվելն է, իսկ առանձին վերցրած մեկ խաղում ամեն ինչ էլ կարող է լինել: Բոլոր դեպքերում, սպասենք բացառիկ լարված ու գեղեցիկ մրցավեճի:
Բեռլինյան եզրափակիչը հատկանշական է նաև մեկ այլ առումով:
Գաղտնիք չէ, որ եթե Լուիս Էնրիկեն որոշի խաղադաշտ հանել Չավիին, դա կլինի լեգենդար այս ֆուտբոլիստի վերջին պաշտոնական մրցելույթը կատալոնյան ակումբի կազմում (երեսունհինգամյա Չավին հաջորդ մրցաշրջանից դաշտ է դուրս գալու արաբական «Էլ Սադի» կազմում):
Լոնդոնյան եզրափակիչը կարող է վերջինը լինել նաև լեգենդար մեկ այլ ֆուտբոլիստի` երեսունվեցամյա Անդրեա Պիռլոյի համար: AS պարբերականի հավաստմամբ` նա արդեն իսկ ընդունել է ամերիկյան «Նյու Յորք Սիթի» տեղափոխվելու առաջարկը: Միջանկյալ տեղեկացնենք, որ նորաստեղծ այս թիմում են հանդես գալիս ու գալու Դավիթ Վիլյան ու Ֆրենկ Լեմպարդը:
Դառնալով բուն եզրափակչին, պարիտետը պահպանելով, ընթերցողին հետաքրքիր կլինի ներկայացնել երկու կարծիք, որոնցից մեկի հեղինակը «Յուվենտուսի» պաշտոնական ներկայացուցիչ, ոչ վաղ անցյալի փայլուն ֆուտբոլիստներից Պավել Նեդվեդն է, մյուսը` «Բարսելոնի» և համաշխարհային ֆուտբոլի ամենախոշոր ադամանդ Լիոնել Մեսին: Նեդվեդը, ով առաջիկա խաղի մասին ավելի վաղ է արտահայտվել, ի մասնավորի ասել է, որ հարձակման գծում Մեսի-Նեյմար-Սուարես եռյակ ունեցող «Բարսելոնի» դեմ հանդես գալը փաստացի նշանակում է խաղը սկսել 0։2 հաշվով պարտությամբ:
Իսկ ահա թե խաղի նախաշեմին ինչ է ասել Մեսին. «Սա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ է: Ողջ ճանապարհը մինչև վերջ անցնելու համար հարկ կլինի շատ զգացումների միջով անցնել. մենք գիտենք, որ նորից չեմպիոն դառնալը հեշտ չէ: Մեր երազանքն է շահել հնարավոր ամեն ինչ: Գիտենք, որ խաղալու ենք շատ ուժեղ մրցակցի հետ: «Յուվենտուսն» անվանի ու շատ ուժեղ թիմ է: Սա եզրափակիչ է, որտեղ կարող է տեղի ունենալ ամեն ինչ: Մեզ հարկ է նախապատրաստվել ու այս եզրափակչին ընդառաջ գնալ այնպես, ինչպես մոտեցել ենք նախորդներին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ